Avangard.am-ը գրում է. 

Ինժեներ-մեխանիկ,  հանրային  հարաճուն պահանջարկ  ձեռք բերած  «Մանկական ոչ մանկական հարցեր» բազմամյա  ռադիո-հեռուստաշարի հանրահայտ հեղինակ  Դմիտրի Բրիկմանը Խորհրդային Միության փլուզումից հետո  վերաբնակվեց Թել Ավիվում։ Շուտով,  երբ

հայտնվեց հեքիաթային Երուսաղեմում, պահանջ զգաց ըմբռնելու և հնարավորինս անվրեպ ձևակերպելու տեսածն ու զգացածը։  Ֆոտոխցիկը նոր  կյանքի ճանաչողության, «տեսածը տեսնելու» անփոխարինելի միջոց դարձավ։ Համառ պրպտումները  գումարվեցին լուսանկարչական հմտությանն ու բազմերանգ փորձառությանը  և ծնունդ տվեցին  լրագրական ուրույն արտահայտչակերպերի՝ «ֆոտոթարգմանություն»,  «ֆոտոնոթագրություն» ...   Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային երկրորդ փառատոնի բացօթյա կինոսրահում «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ» և «Երուսաղեմի աղոթքը»  «ֆոտոթարգմանություններին»  անմիջականորեն հաղորդակցվողները ինքնաբուխ մտերմացան  Կարապի լճի առափնյա խոտածածկույթին անբարդույթ իրենց կողքին բազմած  Դմիտրի Բրիկմանի հետ։ Տաքսիրտ բարեկամություն հաստատվեց   «Ֆրեսկոյի» հայաստանցի մասնակիցների և  առաջին պատվավոր հյուրի միջև։ 

«Բարեկամներին չեն ընտրում, նրանք հայտնվում են  որպես  երկնային պարգև»

-  Առաջին անգամ ոտք դնելով հայկական հողի վրա՝ միաժամանակ հայտնվեցիք  ֆիլմարվեստի տոնահանդեսի և Բաղրամյան պողոտայի սոցիալ-հասարակական ընդվզման 2 բևեռներում։

- Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանն ինձ գտան։ Չգիտեի էլ, որ Հայաստանում  Բարու այսպիսի փառատոն կա։ Հեռակա լիակատար փոխըմբռնմամբ  «Ֆրեսկոյի» նախօրեին հայտնվեցի Երևանում։ Որևէ խորթություն չզգացի թե կազմակերպիչների, թե անծանոթ բազմաթիվ  մարդկանց  հետ փոխշփումներում։ Անօրինակ հաճելի բարության մթնոլորտ էր տիրում ամենուր, նաև՝ Բաղրամյան պողոտայում։ Դուք՝ հայերդ իսկապե՞ս այդքան բարի եք։

- Հեղաբեկումները մեզ չեն չարացրել։ Մենք շինարար ժողովուրդ ենք  եղել և մնում, հյուրընկալ,  խաղաղասեր, չնայած կռվել էլ գիտենք։ Դուք հավատացյա՞լ  եք։

- Հավատացյալ եմ, բայց ոչ կրոնամոլ։  50 տարեկան եմ, բայց  փաստորեն անհայտ ծագման մի մարդ, քանի որ ծնվել եմ Խորհրդային Միությունում, Լենինգրադ քաղաքում, Կարլ Մարքսի փողոցում։ Հայտնի հեղաբեկումների բերումով ինչպես աշխարհագրական քարտեզից, այնպես էլ պատմական ասպարեզից անհետացան և հայրենիքս, և  ծննդավայրս, և  փողոցս։ Ամեն ինչ։ 1991-ին տեղափոխվեցի Իսրայել, Թել Ավիվ։ Անձնական այս դրաման արտերկրում մանրամասնելուց հոգնեցի՝ նրանց խորթ է այս ամենը։ Իսկ ինձ մինչ այժմ  էլ անհասկանալի է, թե ո՞վ եմ ես։ Այդ հարցը հաճախ էի տալիս նաև իմ հաղորդաշարի երկակի,  առերևույթ անհամատեղելի նկարագիր ունեցող հռչակավոր, երբեմն առեղծվածային  հյուրերին։ Վերջիններից էր երգիչ, բանաստեղծ, գրող և միաժամանակ խոշոր գիտնական Ալեքսանդր Գորոդեցկին։  Նշանավոր լրագրող, «երկրի բոլոր խոշոր իրադարձությունների նավավար» Ալեքսանդր Մաքսիմովի հորդորներով «Ժողովողից» հետո  հրատարակեցի երկրորդ գիրքս՝ «Աղոթքը»։ Այն կարող է դասվել թե փիլիսոփայական ուսումնասիրությունների, թե ֆոտոալբոմների շարքին։ Հավասարապես։

- Ինչու՝ «Մանկական՝ ոչ մանկական հարց»։

- Նկատե՞լ եք, ամենախելացի, անսպասելի և անկեղծ հարցը միայն երեխան կարող է տալ... Աննախադեպ մեծ լսարան  ձևավորեց  այդ հաղորդաշարը, ուստի ռադիոյից տեղափոխեցին հեռուստատեսություն։ Որքան հաճախ ենք ինքներս մեզ հարցնում՝ ինչու՞ եմ ապրում։ Թվում է, թե մանկական  է այս հարցը, բայց պարզագույն հնարավորություն է տալիս առանց գունազարդման բացահայտելու հանրաճանաչ անհատների մարդկային էությունը։ Իրականում ի՞նչ է լուսանկարը։ Տեսածը տեսնելու, էության մեջ խորամուխ լինելու հուսալի միջոց։ Վստահ եմ, որ այս խառնակ ժամանակներում  Երուսաղեմի միասնական աղոթքը Բարձրյալին, որը յուրովի ամփոփվում է «Հայր մեր»-ով, կգոտեպնդի իրենց հանապազօր պահանջների պաշտպանության ընդվզումից հյուծվող ազնիվ քաղաքացիներին։  Ինքս արտասովոր տագնապ եմ զգում, աղոթում եմ, որպեսզի արդարացի բողոքը հանկարծ չարյունոտվի, չխեղվի բախտախնդիրների «թեթև ձեռքով»։ Արդեն առաջին «ֆոտոնոթերս»  եմ հրապարակել այս մասին՝ համադրելով  գողտրիկ լուսավավերագրերս ինձ պատկառանք ներշնչած հայկական դրոշի ձոնին։ Պետական դրոշները հենց այնպես չեն շրջում, չէ՞,  բազմամարդ  միտինգներով։ Նրանց տակ, կողքին,  մեջ մարդիկ են, անսովոր փայլող աչքերով մարդիկ։ Հրաշալի մարդկանց շատ եմ հանդիպել իմ կյանքում։ Այդ առումով բախտավոր եմ։ Բայց միևնույն տեղում հավաքված   այդքան չքնաղ մարդկային աչքեր երբևէ չէի տեսել։ Հայի տրտմախոհ, բարեգութ, մաքառող, փոթորկուն  աչքեր։

- Երկիր մոլորակի քաղաքացու Ձեր նորահայտ տեսակով ինքներդ էլ անմիջապես դարձաք մեզանից մեկը։ Հեռուստատեսային մեն մի ելույթով ստվարացավ  Ձեր հայաստանցի համակիրների լսարանը։ Մենք էլ անհագուրդ պահանջ զգացինք Ձեզ  լիովին բացահայտելու։

- Ճիշտ է, ժամանակը սուղ է,  չափազանց հագեցած է «Ֆրեսկոյի» ծրագիրը, բայց պիտի ջանամ  «տեսածը տեսնելու» լուսանկարչական փորձառությունս էլ  հնարավորինս փոխանցել ինձ հարազատացած հայաստանցիներին։ Ըստ իս, լավն է այն լուսանկարը, որում դրոշմված են զգացմունքներ։ Չէ՞ որ մենք, նախևառաջ,  տեսածը զգայարաններով ենք  ընկալում։ Ինչպես են բոլորը, ոչ միայն պրոֆեսիոնալները, լուսանկարում։ Վերցնում են խցիկը, շրջում վայրից վայր,  ընտրում  իրենց համամարդկային հետաքրքրություններին սրտամոտ թեմա և չրխկացնում  որոշակի սյուժեով։ Ապա մանրակրկիտ զննում են արված լուսանկարները, փորձում հասկանալ, խմբավորել, իմաստավորել  տեսածը։

-Ձեր պարագայում, ասենք,  ինժեներական նախնական կրթությունն է ուղղորդում դիտանկյունի հստակ ընտրությունը։ Արդյո՞ք կենդանի շփումն առավել նպաստավոր չէ մարդու  հոգեկերտվածքի համակողմանի բացահայտմանը նրա խոսքի իմաստավորված  ելևէջումներով,  ժեստերով, մտածողության ու հետաքրքրությունների շրջանակի  չմիջնորդավորված, չսրբագրված  ցայտումներով։

- Այդ ամենը կարելի է և որսալ։ Հավատացնում եմ։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ձեր երկրով, որքան էլ տարօրինակ հնչի, հիվանդացել եմ Իսրայելում։ Նախ, «Հյուսիսային լույս» ֆիլմում Ջիվան Գասպարյանի անկրկնելի նվագով հայտնագործեցի դուդուկի հրաշքը։ Եվ երբ երաժշտություն էի փնտրում «Ժողովողի» համար, դուդուկի սրտառուչ նվագից  ավելի հարմար երաժշտական հենք չէի էլ պատկերացնում։ Գասպարյանի համաձայնությամբ՝  բարձրակարգ դուդուկահար Իլյա Մազյան լրացրեց հնչական  հարկավոր տևողության բացը։ Հանգամանքների հրաշքով 5-6 տարի առաջ ճանաչեցի Երուսաղեմի հայկական Գողգոթան, Հայաստանն ինձ համար կարևորվեց    Ղևոնդ Հովհաննիսյանի շնորհիվ։ Հրաշալի մարդ,  հմուտ լուսանկարիչ, «համատեղության կարգով» Հայկական առաքելական եկեղեցու վարդապետ, ով, Երևանում ծնված լինելով, բավականին հասուն տարիքում էր կրոնական սքեմ հագել, ուսանելու էր եկել  Երուսաղեմ և... մնացել։ Վաղուց։ Հավատացնում եմ, բարեկամներին չեն ընտրում, նրանք հայտնվում են որպես երկնային պարգև, շնորհ... Երբ գալիս էի Երևան, ինձ թվում էր, որ հայերը բաժանվում են 2 մասի՝ նրանք, ովքեր  արդեն գիտեն Ղևոնդ Վարդապետին, և նրանք, ովքեր  հանրամատչելի այդ  Հովվին ճանաչելու   ուղիներ են որոնում։ Մեկ այլ  փնտրված, զարմանահրաշ  Հովվի՝ Տիրոջ դամբանի եկեղեցու վանահայր Սամվել Աղոյանին ինքս պատահաբար հանդիպեցի Երևանում։ Պատահաբա՞ր արդյոք։ Նրա ներկայությունը,  Խաղաղության, Սիրո և Բարու միասնական աղոթքիս տպավորիչ մեկնաբանությունը, կարծում եմ, Կարապի լճի հարևանությամբ շիկացող կրքերի խելամիտ ուղղորդման ամենահմուտ  հոգևոր առաջնորդությանն արժանացավ։  Փաստորեն «Ֆրեսկո» անունով Բարու փառատոնով ինձ իրապես հոգեհարազատացավ  բարի մարդկանցով առանձնակի հարուստ Երևանը, Հայաստանը։

Զրուցեց

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Betanet Company
Copyright © 2013 - 2020. Fresco International Festival. All Rights Reserved.