Irates.am-ը գրում է.Հունիսի 27-ից հուլիսի 5-ին Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը: Կարապի լճի տարածքում տասն օր շարունակ երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն անվճար, բացօթյա ցուցադրություններ: Նախատեսվում են նա լուսանկարների ցուցահանդես, ավազանկարչական շոու:

Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանը:

Փառատոնը կազմված է մրցութային և ոչ մրցութային ծրագրերից: Մասնակցել կարող են խաղարկային, վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմը, բռնությունը, ազգային, մարդկային գործոնի հետևանքով առաջացած էկոլոգիական աղետները և այլն: Ներկայացվել են 600 ֆիլմ 20 երկրից: Մրցութային փուլ է անցել 53 ֆիլմ 18 երկրից: «Մեր հայրենակիցների մասնակցությունը դարձյալ պասիվ էր, ներկայացված 8 ֆիլմից մրցութային փուլ են անցել 2-ը (Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա», Վաղինակ Բալայանի (Հայաստան, Ռուսաստան) «Արջի լեռը»)»,- ասաց Աննա Կարապետյանը, նշելով նաև, որ անցյալ տարի հիմնականում փառատոնում ընդգրկված էին ֆիլմեր ցեղասպանության մասին, այս տարի խրախուսվում են այն ֆիլմերը, որոնց ուղերձը խաղաղությունն է:

«Ֆրեսկոյի» կազմակերպիչները կինոդիտումներ են կազմակերպելու կույրերի համար, վետերանների: Վերջիններիս նվիրված ծրագրի շրջանակում փառատոնը հյուրեր է ունենալու Բելառուսից: Նրանք շրջում են աշխարհով մեկ ու ֆիլմ են նկարահանում վետերանների մասին: Ինչպես փառատոնի ուղերձն է` հույս, հավատ, սեր և խաղաղություն, ըստ այդմ լինելու են մրցանակային տեղերը: Մրցանակը եռագույն ձուկն է, որ պատրաստելու են մանկատան երեխաները:Մասնագիտական հանձնախումբ չի լինելու: Ֆիլմերը գնահատելու է հանդիսատեսը: Աննա Կարապետյանի փոխանցմամբ` փառատոնի պատվավոր հյուրերից է իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, ով իր աշխատանքներով հույս, հավատ ու սեր է քարոզում, նկարում է աշխարհի եկեղեցիները, հատուկ լուսանկարչական շարքեր ունի աստվածաշնչյան «Ժողովող» գրքի հիման վրա: Լուսանկարիչը իր աշխատանքներում ներկայացրել է նաև հայկական եկեղեցիներն ու մշակույթը: Փառատոնի նախագահն է Շահեն Նազարենկոն, հոգևոր պատասխանատուն` Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

22.06.2015

Betanet Company
Copyright © 2013 - 2020. Fresco International Festival. All Rights Reserved.