Anews.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրում ներառված «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ փառատոնի հանդիսավոր բացմանը Կարապի լճում ներկա են եղել հարյուրավոր երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր։
Փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում են «Ֆորմիկա Արտ» ընկերությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝

Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ։

Ներկաներին ողջունել են փառատոնի հոգևոր խորհրդատու տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։ Փառատոնը մեկնարկել է Տերունական աղոթքով։

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնում ներկայացված ֆիլմերը թեմատիկ ուղղվածություն չունեն։ Այս տարի փառատոնին մասնակցում է 10 երկրներից 53 ֆիլմ, որոնք ընտրվել են 600 հայտերից և տարբեր դավանանք ունեցող պետությունների կինոգործիչների ստեղծագործություններ են։ Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետները։

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի հավատամքը բարությունն է, կարեկցանքը, խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ։ Այս տարի «Ֆրոսկո»-ն նվիրված է Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը։ «Ֆրեսկո» փառատոնն անցկացվելու է հունիսի 27-ից հուլիսի 4-ը։ Փառատոնի Երևանյան ցուցադրությունները հունիսի 27-30-ին են, Կարապի լճի տարածքում, իսկ փառատոնային օրերից 3-ը՝ հուլիսի 2-ից 4-ը, անցկացվելու են Շիրակի մարզի Հառիճավանքի տարածքում՝ վրանային կինոճամբարի ձևաչափով։

Կազմակերպիչներն ընդգծում են, որ փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն «Ֆրեսկո»-ի կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի խորհրդանիշ ձկան տեսքով մրցանակներն էլ, ի դեպ, պատրաստում են Խարբերդի մասնագիտացման մանկատան սաները:

Փառատոնի բացման արարողությանը հրավիրվել էին նաև հատուկ հյուրեր. Սանկտ Պետերբուրգի «Ветер» ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիր, ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը բացման արարողությանը հայկական թեմաներով ավազե պատկերներ է ստեղծել «Որդան կարմիր» ռոք խմբի կենդանի կատարման ներքո։ Փառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ ֆոտոցուցահանդեսն է։

29 Հունիս 2015

Betanet Company
Copyright © 2013 - 2020. Fresco International Festival. All Rights Reserved.