Panorama.am-ը գրում է.

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կկայանա հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից: 

Փառատոնի հիմնական նպատակն է տարածել և ամրապնդել մարդասիրական բարձր արժեքներ` զուգորդելով դրանք մշակութային բազմազանության

և առողջ քննարկումների հետ: Ֆրեսկոն ամենամյա իրադարձություն է, որը հոգևոր և մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսություն ծավալելու և դրա համատեքստում ինքնաճանաչման և ազգային գիտակցության բարձրացման հրաշալի առիթ է:
Այս տարի փառատոնի հիմնական գաղափարախոսությունը խաղաղությունն է, և, հիմք ընդունելով այդ համամարդկային արժեքը, փառատոնի ողջ ծրագիրը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է հինգ տասնյակից ավել ֆիլմեր՝ Հայաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսպանիայից, Իրանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Բելառուսից, Կանադայից, Իտալիայից, Իսրայելից, Իրաքից, Պորտուգալիայից և այլ երկրներից: 

Փառատոնի ընթացքում իրականացվելու են նաև տարբեր նախագծեր, այդ թվում նաև բացօթյա միջազգային ֆոտոցուցահանդես: 

Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն Ֆրեսկոյի կազմակերպական աշխատանքներում:

Նշենք, որ փառատոնն իրականացվում է «Ֆորմիկա Արտ» ընկերության և «Ծիածան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

20/06/2015

Betanet Company
Copyright © 2013 - 2020. Fresco International Festival. All Rights Reserved.