Bravo.am-ը գրում է.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում օրերս տեղի է ունեցել “Ֆրեսկո” արդի արվեստի ու հոգեւոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Այս տարի անվանակարգերը 4-ն էին` “Սեր”, “Հույս”, “Հավատ” եւ “Խաղաղություն”, մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի

կազմակերպիչներն ամփոփել են արդի արվեստով հագեցած օրերը եւ պատմել ձեռքբերումների ու առաջիկա անելիքների մասին: Մայրաքաղաքի ու մարզերի բնակիչերը հնարավորություն են ունեցել դիտելու ավելի քան 40 ֆիլմ: Փառատոնի հոգեւոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընդգծել է, որ “Ֆրեսկո”-ն իր ձեւաչափով որեւէ փառատոնի նման չէ եւ սահմանափակումներ չունի.“Ինձ համար  երկու կարեւոր ուղղություն կար` առաջինը մարդ-Աստված վերագտնումն էր, երկրորդը` միջազգային բնույթ ուներ. ներկա էին ոչ միայն քրիստոնեական, այլեւ մահմեդական երկրների մասնակիցներ, եւ յուրահատուկ մշակութային երկխոսություն էր` հասկանալու համար, թե մեր նմաններն, անկախ իրենց կրոնական պատկանելությունից, ինչպես են ապրում եւ ինչպես են ուզում տեսնել աշխարհն այսօր”: Փառատոնի ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանի խոսքով՝ Հառիճավանքում կայացած փառատոնային օրերին երիտասարդները ոչ միայն միասին ֆիլմեր են դիտել, քննարկել ու սնվել, այլեւ մասնակցել են վարպետության դասերի. “Հյուրերին հրավիրել էինք Ռուսաստանից, Իսրայելից, Բելառուսից ու այլ վայրերից: Այս տարվա փառատոնն ավարտվեց, բայց արդեն սկսել ենք փնտրել ու գտնել հաջորդ տարվա մասնակիցներին”:


“Ֆրեսկո” փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն էլ նշել է, որ հաղթող ֆիլմերն ընտրվել են ոչ թե օպերատորական կամ ռեժիսորական լավագույն աշխատանքի, այլ բովանդակության ու գաղափարի համար.“Դիտումներից անմիջապես հետո ֆիլմերի ռեժիսորների, պրոդյուսերների հետ եղել են քննարկումներ: Կար օրակարգ եւ նախապես սահմանված ծրագիր, բայց մասնակիցներն ազատ էին ընտրելու իրենց հավանած ֆիլմերը, մասնակցելու այն վարպետության դասերին, որոնց ցանկանում են”:

Հաղթողներին մրցանակները հանձնել են իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգեւոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը եւ «Ունիսոն» ՀԿ տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակները պատրաստել եւ ձեւավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ են ունեցել ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, “Օվսաննա” երգչախումբը եւ “Նուբար” ազգագրական երգի-պարի համույթը:

Ֆրեսկոյի 4 անվանակարգում լավագույնն են ճանաչվել հետեւյալ ֆիլմերը`

Հավատ
•    «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան
•    «Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ
•    «Ոգին շարժման մեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշեւա, Սոֆիա Կուչեր


Հույս
•     «Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա
•    «Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի
•    «Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան

Սեր
•    «Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո
•    «Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով               
•    «Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով

Խաղաղություն
•    «Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա
•    «Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի
•    «Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի

“Հանդիսատեսի համակրանք”
•    «Ժողովող»,  Իսրայել,  Լուսանկարներ եւ ֆոտոթարգմանություն` Դմիտրի Բրիկմանի

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

07 Հուլիս 15

Betanet Company
Copyright © 2013 - 2020. Fresco International Festival. All Rights Reserved.